Ադրբեջանը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Իրանի հարևանության քաղաքականության մեջ:
Modern.az-ը, հղում անելով APA-ին, հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը:
Իրանի նախագահի պաշտոնական տեղեկատվական պորտալի տվյալներով՝ Պեզեշկիանը, անդրադառնալով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկային, ընդգծել է Թեհրանի և Բաքվի միջև կապերի հետագա խորացման և ընդլայնման համար առկա հնարավորությունների առավելագույն օգտագործման կարևորությունը:
«Մենք բարեկամներ և եղբայրներ ենք: Մենք պետք է էլ ավելի ընդլայնենք երկու երկրների միջև հարաբերություններն ու կապերը՝ օգտագործելով առկա հնարավորություններն ու հարևանության առավելությունը», - ասել է Իրանի նախագահը:
Պեզեշկիանը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև գոյություն ունեն լայն կապեր գիտական, մշակութային, տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտներում, և դրանց հետագա ամրապնդման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր:
Իրանի նախագահն ընդգծել է, որ ընդհանուր սահմանը չպետք է խոչընդոտ լինի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, այլ պետք է հնարավորություն ստեղծի համագործակցության ընդլայնման համար:
Պեզեշկիանը գոհունակություն է հայտնել Շահին Մուստաֆաևի այցի շրջանակներում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության, ինչպես նաև էներգետիկայի նախարարների հետ կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններից և նշել դրանց իրականացումն արագացնելու կարևորությունը:
«Հուսով ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերի լուրջ ուշադրության և ջանքերի շնորհիվ հնարավորինս շուտ կանցնեն իրականացման փուլ», - ասել է նա:
Պեզեշկիանը տրանսպորտային և հաղորդակցական երթուղիների զարգացումը անվանել է երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի հիմնական միջոցներից մեկը: Նրա խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային, օդային և երկաթուղային կապերը պետք է էլ ավելի զարգացվեն:
Հանդիպմանը Շահին Մուստաֆաևը նույնպես հայտարարել է Ադրբեջանի՝ Իրանի հետ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու վճռականության մասին: Նա ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման մոնիտորինգի, ինչպես նաև տրանսպորտային և հաղորդակցական երթուղիների զարգացման կարևորությունը: