Միլի Մեջլիսի պատգամավոր, Ազգային ճակատ կուսակցության նախագահ Ռազի Նուրուլլաևը նոյեմբերի 9-ին Վիեննայում կհանդիպի հայ պատգամավորների հետ։
Այս մասին Modern.az-ին տված հարցազրույցում հայտնել է պատգամավորը։
«Այդ միջոցառմանը Ադրբեջանից կհրավիրվեն նաև այլ կուսակցություններ։ Թեև ես ճշգրիտ տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ հրավեր պետք է ուղարկվի նաև իշխող կուսակցությանը։ Ես ընդունել եմ հրավերը։ Մոտ օրերս այս կապակցությամբ կդիմեմ Միլի Մեջլիս», - ասել է նա։
Պատգամավորը խոսել է նաև հանդիպմանը քննարկվելիք հարցերից.
«Իմ բոլոր արտասահմանյան այցերի ժամանակ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ միջոցառումներին, ես պաշտպանում եմ Ադրբեջանի շահերը։ Այս կապակցությամբ մենք արդեն ձևավորված օրակարգ ունենք։ Քննարկվել է նաև խաղաղության օրակարգը։ Ինչպես հասնել խաղաղության երկու երկրների միջև, ինչ խոչընդոտներ կան այս ուղղությամբ, ինչ պետք է անենք դրանք վերացնելու համար, և ինչ պարտականություններ են ընկնում յուրաքանչյուր կողմի վրա՝ սրանք ենք քննարկում։ Իհարկե, երբեմն հայերը մնում են իրենց դիրքերում։ Սակայն հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ միջազգային կազմակերպությունները նույնպես հակված են Ադրբեջանին»։
Ռազի Նուրուլլաևը հայտնել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել խաղաղության, սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ, վերացրել է երրորդ երկրից Հայաստան տարանցման սահմանափակումները.
«Ադրբեջանը միշտ առաջին քայլերն է արել և նույն վերաբերմունքն է ակնկալում Հայաստանից։ Այսօր կարիք չկա լարելու այն հարաբերությունները, որոնք նորմալ են։ Ներկայումս Ադրբեջանում թե՛ իշխող կուսակցության, թե՛ պետական ծառայողների, թե՛ հասարակ քաղաքացիների դիրքորոշումը մեկ է՝ Ղարաբաղը Ադրբեջան է։ Մենք մեկ քայլ անգամ չենք նահանջի մեր այս դիրքորոշումից, մեր ազգային շահերից»։
Նշենք, որ անցյալ տարվա հունիսին Վիեննայում Եվրոպական միության միջազգային հետազոտությունների կենտրոնի կազմակերպմամբ տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ճակատ կուսակցության նախագահ, պատգամավոր Ռազի Նուրուլլաևը, Մուսավաթ կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Արիֆ Հաջիլին, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Նման հանդիպումներ Եվրոպական միության միջազգային հետազոտությունների կենտրոնի կազմակերպմամբ անցկացվում են ամեն տարի։