Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Բիշքեկում ընդունել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Ղաֆարովային։
Modern.az-ը հայտնում է, որ Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։
Սադիր Ժապարովն ընդգծել է Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։ Նա նշել է ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագրի հետևողական իրականացման կարևորությունը, որը ստորագրվել է նախագահ Իլհամ Ալիևի՝ այս տարվա հուլիսին Ղրղզստան կատարած պետական այցի ժամանակ։
Սահիբա Ղաֆարովան նախագահ Իլհամ Ալիևի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել է Ղրղզստանի պետության ղեկավարին և ժողովրդին։
Միլլի Մեջլիսի նախագահը նշել է երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը։
