Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրոպական միությանն (ԵՄ) անդամակցելու ցանկությունը երկար չի տևի։
Modern.az-ը հայտնում է, որ Լավրովն այս մասին հայտարարել է Արևելյան տնտեսական ֆորումում լրագրողների հետ զրույցում։
Նա պնդել է, որ Եվրոպական միությունը տնտեսական առումով կորցրել է իր նախկին առավելությունները։
«Տնտեսական առումով Եվրոպական միությունը կորցնում է իր առավելությունները բազմաթիվ գործոնների պատճառով, այդ թվում՝ հեռատեսության բացակայության, կամ ավելի կոպիտ ասած՝ հիմարության պատճառով», - ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ որոշ երկրներ, այդ թվում՝ Սերբիան և Հայաստանը, քայլեր են ձեռնարկում ԵՄ անդամակցության ուղղությամբ։
«Մեր սերբ ընկերները, իսկ այժմ նաև հայ գործընկերները, փորձում են անդամակցել ԵՄ-ին։ Վստահ եմ, որ նրանց այս ձգտումը շատ շուտով կանցնի», - ասել է Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Եվրոպական միությունն ինքն է «ոչնչացնում» այն տնտեսական առավելությունները, որոնք ներկայումս ունի։