Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը չի քննարկվել Հայաստանից ռուսական 102-րդ ռազմական բազայի դուրսբերման հարցը։
Modern.az-ը հայտնում է, որ Փաշինյանն այսօր կայացած ճեպազրույցում ասել է, որ ռուսական ռազմական բազայի մնալը Հայաստանում Երևանի համար կենսական անհրաժեշտություն չէ։
«Ինչ վերաբերում է ռազմական բազային, ապա նման քննարկում չի եղել։ Այս ընթացքում մենք երբեք չենք բարձրացրել ռուսական 102-րդ ռազմական բազայի հարցը։ Այնուամենայնիվ, մենք չենք կարծում, որ ռուսական ռազմական բազայի առկայությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան Հայաստանի տարածքից, Երևանը դրան չի ընդդիմանա։
«Եթե ռուսական կողմը որոշի դուրս բերել բազան Հայաստանից, մենք դրան չենք առարկի։ Բայց եթե ռուսական կողմը ցանկանա պահպանել բազան, մենք պատրաստ ենք քննարկել նաև այդ հարցը»,- նշել է Հայաստանի վարչապետը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում հայտարարել էր, որ եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմական բազայի կարիքը չկա, Մոսկվան կարող է դուրս գալ երկրից «նույնիսկ վաղը»։
Ռուսական 102-րդ ռազմական բազան տեղակայվել է Հայաստանում 1995 թվականին Մոսկվայի և Երևանի միջև ստորագրված միջպետական համաձայնագրի հիման վրա։ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանը և Հայաստանը երկարաձգել են բազայի տեղակայման մասին համաձայնագրի ժամկետը մինչև 2044 թվականը։
102-րդ բազայի օդային բաղադրիչը Երևանում տեղակայված «Էրեբունի» ավիաբազան է։ Ավիաբազայի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում հակաօդային պաշտպանության գծով ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում։