Ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Օրխան Հուսեյնլին, ով կասկածվում է զբոսաշրջային գործունեության անվան տակ քաղաքացիների դրամական միջոցները խարդախությամբ յուրացնելու մեջ։
Modern.az-ը հայտնում է, որ հետաքննությամբ պարզվել է, որ Օ.Հուսեյնլիի ղեկավարած «Renaissance Travel» տուրիստական ընկերությունը սոցիալական ցանցի իր էջում գրավիչ պայմաններով տուր փաթեթներ է առաջարկել արտասահմանյան երկրներ։
Այդ նպատակով նա չարաշահել է բազմաթիվ քաղաքացիների վստահությունը, ովքեր դիմել են նրան՝ կեղծ խոստումներ տալով արտասահմանյան երկրներ զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպելու մասին։ Օ.Հուսեյնլին, օգտագործելով իր կողմից ապօրինի պատրաստված կեղծ ավիատոմսերը, խարդախությամբ յուրացրել է քաղաքացիների տարբեր չափերի դրամական միջոցներ։
Նշված փաստերով հարուցվել է քրեական գործ։ Օ.Հուսեյնլին որպես մեղադրյալ ներգրավվել է քննությանը Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, և դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Ներկայումս քրեական գործով քննչական գործողությունները շարունակվում են։
Հանգամանորեն ուսումնասիրվել են նաև սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, թե նշված տուրիստական ընկերությունը պատկանում է հասարակական գործիչ Իլկին Ռուստամզադեին։ Իրականացված հետաքննությունների արդյունքում այդ պնդումները չեն հաստատվել։