Բրիտանիայում հարյուրավոր հակամիգրանտ ցուցարարներ փակել են Դովերի նավահանգիստ տանող ճանապարհները, որը համարվում է երկրի ամենամեծ ուղևորատար նավահանգիստը:
Modern.az-ը, հղում անելով BBC-ին, հայտնում է, որ սև հագուստով և դեմքերը ծածկած ցուցարարները վանկարկել են «Կանգնեցրեք նավակները» և «Ուղարկեք նրանց հետ» կարգախոսները:
Բողոքի ակցիայի պատճառով ուղևորատար և բեռնատար տրանսպորտի երթևեկությունը մի քանի ժամով փաստացի դադարեցվել է։ Հաղորդվում է, որ միջադեպի հետ կապված ձերբակալվածներ չեն եղել, ոստիկանությունն ակցիան անվանել է «ինքնաբուխ»։
Ակցիան տեղի է ունեցել Լա Մանշի նեղուցով անօրինական միգրացիայի շուրջ լարվածության աճի պայմաններում։ Դովերը հակամիգրանտային բողոքի ակցիաների կանոնավոր վայրերից մեկն է։ Դա պայմանավորված է նրանով, որ հենց այս նավահանգիստ են բերվում այն միգրանտները, ովքեր փորձում են փոքր նավակներով անցնել Բրիտանիա և ձերբակալվում են։
Նշվում է, որ այս անգամվա բողոքի ակցիան ավելի լայնածավալ է եղել, քան նախորդները։ Բրիտանական իշխանությունները դատապարտել են նավահանգստի շրջափակումը։ Նույնիսկ պահպանողական Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը հայտարարել է, որ դեմ է դիմակներ և բալակլավաներ կրող ցուցարարների ակցիային։