1990-ականներին Հայաստանի պաշտպանության նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած, ներկայումս Ռուսաստանում բնակվող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարել է, որ հրաժարվել է Հայաստանի անձնագրից:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին գեներալը պատմել է «Իրավունք» թերթին տված հարցազրույցում։
Հայաստանի զինված ուժերի կազմավորման առանցքային դեմքերից մեկը՝ Տեր-Գրիգորյանցը, հայտարարել է, որ իր անձնագիրը հանձնել է հյուպատոսարան։
Նա նշել է, որ այս քայլին գնացել է ի նշան Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի։
Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ անձնագիրը հանձնելուց հետո Հայաստանի նախագահի աշխատակազմից իրեն քաղաքացիության մասին ծանուցում է եկել։
«Ես հանձնեցի իմ անձնագիրը, հետո Հայաստանի նախագահի աշխատակազմից ինձ հաղորդագրություն եկավ՝ «Դուք զրկվել եք քաղաքացիությունից»։ Էլ ի՞նչ ասեմ։ Ես այլևս երբեք չեմ գա Հայաստան։ Վերջ»,- ասել է Տեր-Գրիգորյանցը։
Նշենք, որ Նորատ Տեր-Գրիգորյանցը 1992-1995 թվականներին եղել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ 1993 թվականին՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ Նա կարևոր դեր է խաղացել հայկական բանակի կազմավորման գործում։