Իրանի առաջնությունում հոկտեմբերի 18-ին կայանալիք «Մալավան» և Թավրիզի «Տրակտոր» թիմերի միջև հանդիպումը չի կայացել։ Հաղորդվում է, որ դրա պատճառը եղել է տանտերերի երկրպագուների կողմից ադրբեջանցիների դեմ վիրավորական կարգախոսները։
Modern.az-ը, հղում անելով «Tasnim»-ին, հայտնում է, որ Բանդար-Անզալի քաղաքի մարզադաշտում խաղից առաջ տաքանալու ժամանակ երկրպագուները վանկարկել են ադրբեջանցիներին և թուրքերին թիրախավորող կարգախոսներ։ «Տրակտորի» ավագ Շուջա Խալիլզադեն նույնպես ենթարկվել է վիրավորանքների։
Ի նշան բողոքի՝ Թավրիզի ներկայացուցչի ֆուտբոլիստները լքել են խաղադաշտը։ Հաղորդվում է, որ ակումբի սեփականատեր Մոհամմադրեզա Զունուզին հրահանգել է թիմին վերադառնալ հանդերձարան։
Մոտ կես ժամ տևած բանակցությունները մրցավարների, խաղի ներկայացուցիչների և թիմերի մարզիչների մասնակցությամբ արդյունք չեն տվել։ Հանդիպումը չի սկսվել, քանի որ «Տրակտորի» ֆուտբոլիստները հրաժարվել են վերադառնալ խաղադաշտ։
«Տրակտորի» ղեկավարությունը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջել է խիստ միջոցներ ձեռնարկել «Մալավան» ակումբի դեմ։ Հակառակ դեպքում հայտարարվել է, որ պաշտոնական բողոք կուղարկվի ՖԻՖԱ։