Հայաստանը Ռուսաստանի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի երկրից դուրսբերման պատասխանատվությունը բարդում է Մոսկվայի վրա։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա խոսքով, Երևանը փորձում է հարցը ներկայացնել այնպես, որ իբր Ռուսաստանի հայաստանյան ռազմական բազայի հետագա գործունեության վերաբերյալ քննարկումների նախաձեռնողը Մոսկվան է։
Կալուգինը նշել է, որ Հայաստանի իշխող էլիտան սպասում է, որ կարևոր որոշումները կայացվեն արտաքին խաղացողների կողմից։
ՌԴ ԱԳՆ պաշտոնյան պնդել է, որ այս մոտեցումը դիտվում է ոչ միայն ռազմական բազայի հարցում, այլև Հայաստանի հնարավոր հանրաքվեում Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ընտրության վերաբերյալ, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հարաբերություններում։
Նշենք, որ խոսքը Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմական բազայի մասին է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ եթե Հայաստանը շահագրգռված չլինի այս բազայի երկրում մնալով, Մոսկվան մտադիր չէ իր ռազմական ներկայությունը պարտադրել Երևանին։