Հայաստանը պատրաստ է այսօրվանից բացել Թուրքիայի հետ սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
«Ես չեմ կարծում, որ որևէ խոչընդոտ կա հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հնարավորինս շուտ հաստատման համար։ Մենք պատրաստ ենք այս քայլն անել հենց այսօր կամ վաղը։ Այժմ ամեն ինչ կախված է Թուրքիայից»,- ընդգծել է Ռուբինյանը։
Նրա խոսքով, Մարգարա-Ալիջան անցակետի երկու կողմերում էլ վերականգնվել են անցակետերը և պատրաստ են շահագործման։
Ռուբինյանը նաև հայտնել է, որ թուրքական կողմը սկսել է Կարս-Գյումրի երկաթուղու իր տարածքից մինչև Հայաստանի սահման ձգվող հատվածի վերակառուցումը։
«Լավ նորությունն այն է, որ թուրքական կողմը սկսել է Կարս-Գյումրի երկաթուղու իր տարածքներում գտնվող հատվածի, այսինքն՝ մինչև մեր սահմանը ձգվող գծի վերականգնումը։ Իմ վերջին տեղեկություններով, աշխատանքները արագ տեմպերով շարունակվում են»,- նշել է խորհրդարանի նախագահը։
Նա հավելել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և բանակցություններ են ընթանում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մակարդակով։
Նոյեմբերի 16-ին Բրյուսելում «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության պարտավորությունների ամրապնդում» թեմայով քննարկումների ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման և սահմանի բացման ուղղությամբ ակտիվ երկխոսությունը շարունակվում է։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինի Միջազգային և Եվրոպական հարաբերությունների ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների լիակատար բացմանը։
Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ արձանագրել են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթաց։