Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ոչ պաշտոնական բանակցություններում քննարկված պլաններից մեկը նախատեսում է, որ Ռուսաստանը ստանա ողջ Դոնբասը, իսկ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից։
Modern.az-ը, հղում անելով OE24 պարբերականին, որն էլ հղում է անում «Bild» թերթին, հայտնում է, որ Ռուսաստանի առաջարկները ներկայացվել են նաև եվրոպական պատվիրակներին Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ։
Ըստ տեղեկությունների, պլանը նախատեսում է, որ Ռուսաստանը պահպանի իր վերահսկողության տակ գտնվող օկուպացված տարածքները, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածները նույնպես փոխանցվեն Մոսկվային։
Պայմանների շարքում են նաև Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ի անդամակցությունից, Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստների ապառազմականացումը։ Երկրի ապագա անդամակցությունը Եվրոպական միությանը չի բացառվում։
Առաջարկները ներառում են ՆԱՏՕ-ի ռազմական բազաների չտեղակայումը Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում, ինչպես նաև Ֆինլանդիայի դուրս գալը դաշինքից։
Մոլդովայի համար առաջարկվում է դաշնային կառուցվածք, որը կներառի Մերձդնեստրը և Գագաուզիան։ Նախատեսվում է նաև այդ տարածաշրջաններին անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հնարավորություն տալ։
Դրա դիմաց Ռուսաստանը որպես հնարավոր զիջումներ է ներկայացնում Բելառուսից միջուկային զենքի դուրսբերումը, այնտեղ միջին հեռահարության հրթիռներ չտեղակայելը և Մերձդնեստրից իր զորքերը դուրս բերելը։