Հայաստանը մտադիր չէ Բաքվում պահվող հայ անձանց ազատ արձակումը պայման դնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին կառավարության ժամին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ պահվող անձանց վերադարձի հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ ուղղակիորեն կապելը կարող է բանակցային գործընթացը փակուղի մտցնել։
«Եթե մենք անենք այնպես, ինչպես դուք եք ասում, մենք չենք ստորագրի պայմանագիրը, քանի դեռ նրանք չեն վերադարձվել։ Դրանով մենք կմոտենա՞նք խաղաղությանը, թե՞ կհեռանանք դրանից»,- ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և հետագա փուլում համագործակցության զարգացումը կարող են հնարավորություններ ստեղծել նաև այլ խնդիրների լուծման համար։
«Եթե հիմա ստորագրենք պայմանագիրը և աստիճանաբար համագործակցենք առանձին հարցերի շուրջ, վաղ թե ուշ կստեղծվի մի իրավիճակ, որը թույլ կտա լուծել այլ խնդիրներ»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։