Հայ-թուրքական սահմանի բացման գործընթացն արդեն հասել է այն փուլին, որ կողմերը ցանկացած պահի կարող են որոշում կայացնել սահմանը բացելու մասին։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հոկտեմբերի 16-ին COP-17-ի շրջանակներում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ ներկայումս կան քայլեր, որոնք հնարավոր է իրականացնել, և դրանցից ամենահեշտը էլեկտրամատակարարման ցանցերի միացումն է։ Նա նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են, և գործընթացը սկսվել է։
«Կարծում եմ, որ առաջին արդյունքները կտեսնենք մոտ ապագայում։ Քանի որ այս ոլորտում այդքան մեծ շինարարական աշխատանքների կարիք չկա։ Էլեկտրաէներգիայի ոլորտում կան նաև հարցեր, որոնք մեծ աշխատանք են պահանջում, միաժամանակ կան նաև հարցեր, որոնք հեշտությամբ կարող են լուծվել»,- ասել է Միրզոյանը։
Նախարարը պարզաբանել է նաև Հայ-թուրքական սահմանի մի օր հանկարծակի բացվելու հնարավորության մասին իր նախորդ հայտարարությունը՝ ընդգծելով, որ իր խոսքերը սխալ են ներկայացվել։
«Ես ասել էի, որ մի օր կարող է գալ, առավոտյան արթնանանք ու տեսնենք, որ սահմանը բացվել է։ Այսինքն՝ գործընթացն արդեն այնքան հասունացել է։ Կարծում եմ, որ բավականին տրամաբանական միտք էի արտահայտել»,- նշել է նա։
Միրզոյանը նշել է, որ հայ-թուրքական երկխոսությունն ինտենսիվացել է, տնտեսական և առևտրային հարցերն արդեն քննարկվում են դիվանագիտական մակարդակով։
«Երկխոսությունն այնքան ինտենսիվ է, և գործընթացն այնքան հասունացել է, որ պայմանականորեն վաղը կարող ենք արթնանալ ու տեսնել, որ երկու կողմերն էլ ասել են՝ «Բավական է, այսօրվանից բացում ենք սահմանը»։ Տեսեք, մենք որքան մեծ անվստահության պայմաններում էինք սկսել այս գործընթացը, իսկ հիմա որքան համագործակցություն կա։
Մեր երկխոսությունը և հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականին հասունացել են։ Ցանկացած հաջորդ պահին կարող ենք որոշում կայացնել։ Ե՛վ նրանք, և՛ մենք կարող ենք բացել հայ-թուրքական սահմանը»,- ընդգծել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը, Միրզոյանը նշել է, որ հայտնի է, որ Բաքուն ցանկանում է, որ այս գործընթացները զուգահեռ ընթանան։ Նրա խոսքով՝ Թուրքիայում ևս նշվել է, որ երկու գործընթացները պետք է զուգահեռ ընթանան։
«Սա նույնպես գաղտնիք չէ, որ Ադրբեջանն այդպես է կարծում։ Թուրքիայում ևս ընդհանուր առմամբ ասել են, որ այս երկու գործընթացները պետք է զուգահեռ ընթանան։ Խնդիրն այն է, որ ներկայումս մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, առևտուր ունենք Ադրբեջանի հետ։ Կյանքը շարունակվում է։ Այսօր մի բան ենք ասում, իսկ վաղը տեղի է ունենում որևէ իրադարձություն, որը թույլ է տալիս մեզ ավելի վստահ զգալ»,- ասել է Միրզոյանը։
Նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում տնտեսության, ենթակառուցվածքների, վստահության և հոգեբանական գործոնների առումով արագ և հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում, և այդ փոփոխությունները դրական ուղղությամբ են։
«Եկեք գնահատենք գործընթացի այսօրվա պատկերը հենց այսօրվա տեսանկյունից։ Վաղը իրավիճակը կարող է լինել ավելի դրական կամ ավելի բացասական։ Քանի որ տեսնում եք, թե ինչ է կատարվում մեր շուրջը»,- հավելել է Միրզոյանը։