Ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայող Նասիմի Մուսաևը Հայաստանում ձերբակալվելուց մեկ օր առաջ խոսել է իր ընտանիքի հետ։
Այս մասին Modern.az-ին հայտնել են զինվորականի հայրը՝ Ռասիմ Մուսաևը, և քույրը՝ Շալալա Ալիևան։
Նրանք նշել են, որ Նասիմին իր վերջին հեռախոսազրույցներում որևէ անհանգստություն չի հայտնել։
Նասիմի Մուսաևի քույրը՝ Շալալա Ալիևան, հայտնել է, որ մինչ այդ իր եղբոր հետ հեռախոսազրույցները նորմալ են անցել։ Նրա խոսքով՝ Նասիմին յուրաքանչյուր զանգի ժամանակ ասել է, որ ոչ մի խնդիր չկա, և ամեն ինչ լավ է։
Զինվորականի հայրը՝ Ռասիմ Մուսաևը, հայտնել է, որ որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 25-ին՝ նրա ծառայության վայրում բացակայությունը հայտնաբերելուց մեկ օր առաջ։
«Ինչպես միշտ էր խոսում, այդպես էլ խոսեց։ Ասաց, որ այստեղ ամեն ինչ լավ է։ Նա նշեց, որ ոչ մի անհանգստություն չունի։ Հարցնելիս ասում էր, որ ամեն ինչ նորմալ է»։
Որդու ճակատագրով անհանգստացած հայրը նաև ընդգծել է, որ սպասում են խնդրի լուծմանը և վստահում են պետությանը։
«Մենք մեր դիմումները ներկայացրել ենք, սպասում ենք արդյունքներին։ Ես լիովին վստահում եմ մեր Նախագահին, մեր պետությանը։ Մինչ այժմ ոչ մի քաղաքացի, զինվոր դժվարության մեջ չի թողնվել։ Ուստի ես հավատում եմ, որ խնդիրը կարճ ժամանակում կլուծվի», - ասել է Ռասիմ Մուսաևը։
Հիշեցնենք, որ Նասիմի Մուսաևի որոնողական աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 26-ին՝ Լաչինի շրջանի ուղղությամբ նրա ծառայության վայրում բացակայությունը հայտնաբերելուց հետո։ Փաստի առթիվ Ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։
Հոկտեմբերի 1-ին Նասիմի Մուսաևը ձերբակալվել է Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Շաքի գյուղում։ Հայաստանյան դատարանը քննության տակ գտնվող զինվորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը։