Հայաստանի Սահմանադրության նոր նախագիծը նախատեսում է զգալի փոփոխություններ Զինված ուժերի կառավարման և կիրառման կարգում։
Modern.az-ը հայտնում է, որ նախագծի համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը կլինի վարչապետը՝ անկախ նրանից, թե երկիրը պատերազմի, թե խաղաղության մեջ է։
Նշենք, որ գործող Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետը Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար է համարվում միայն պատերազմի ժամանակ։
Նոր նախագծում փոփոխվում է նաև բանակի կիրառման կարգը արտակարգ իրավիճակներում։ Այսպիսով, անհետաձգելի անհրաժեշտության դեպքում վարչապետը կկարողանա ինքնուրույն որոշում կայացնել Զինված ուժերի կիրառման վերաբերյալ։ Մինչդեռ գործող Սահմանադրության համաձայն՝ նման որոշում կայացնելուց առաջ պետք է լինի պաշտպանության նախարարի առաջարկը։
Բացի այդ, վարչապետը պետք է անմիջապես տեղեկացնի կառավարության անդամներին իր կայացրած որոշման մասին։ Կառավարությունն իրավունք կունենա չեղարկելու այդ որոշումը և դրա հիման վրա նախատեսվող միջոցառումները։
Սահմանադրության նոր նախագծի համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերը երկրի սահմաններից դուրս ուղարկելու համար կպահանջվի Ազգային ժողովի (խորհրդարանի) համաձայնությունը։ Այս կանոնից բացառություն կկազմեն միայն Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Սահմանադրության նոր նախագիծը և դրա վերաբերյալ ուղերձով հանդես եկել։