Թուրքիան կդադարեցնի իրանական «Mahan Air» ավիաընկերության կողմից երկու երկրների միջև իրականացվող չվերթները։
Modern.az-ը, հղում անելով «Middle East Eye»-ին (MEE), հայտնում է, որ այս մասին հրատարակությանը հայտնել են թուրք պաշտոնյաները։
Որոշումը կտարածվի «Mahan Air»-ի բոլոր չվերթների վրա Թուրքիայի և Իրանի միջև։
Դրա պատճառը ԱՄՆ-ի կողմից Իրանի «Mahan Air» ավիաընկերությանը սպասարկող թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառումն է։ Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 21-ից։
Այս ամսվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր հայտարարել իրանական քաղաքացիական ավիաընկերությունների, ցամաքային սպասարկման և բեռնափոխադրումների ընկերությունների, ինչպես նաև ավիացիոն բաղադրիչների մատակարարների դեմ։ Պատժամիջոցների ցուցակում ներառվել են թուրքական երեք ընկերություններ՝ «S Sistem», «Mes Cargo» և «Sky Phoenix»։ Ամերիկյան գերատեսչության տվյալներով՝ նրանք ծառայություններ են մատուցել «Mahan Air»-ին, այդ թվում՝ մասնակցել են ինքնաթիռների մատակարարմանը և ձեռքբերմանը, ինչպես նաև մատուցել են վաճառքի ծառայություններ։
Ընկերություններին կարճ ժամանակ է տրվել՝ դադարեցնելու պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների հետ համագործակցությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև զգուշացրել է երրորդ երկրների ծառայություններ մատուցողների դեմ հնարավոր միջոցառումների մասին։
«Այժմ ռիսկը տարածվում է ցանկացած թուրքական կազմակերպության վրա, որը սպասարկում է «Mahan Air»-ին՝ օդանավակայանից և ցամաքային ծառայություններից մինչև տոմսերի վաճառք և բանկային գործարքներ։ Սա կարող է հանգեցնել աշխատանքի ընդհատումների և նոր հետաքննությունների», - ասել է «Middle East Eye»-ի զրուցակիցներից մեկը։
Թուրք պաշտոնյաներն ընդգծել են, որ խոսքը Իրանի բոլոր ավիաընկերությունների չվերթների արգելքի մասին չէ։ Անկարան կշարունակի գնահատել այլ փոխադրողների հետ կապված ռիսկերը՝ հաշվի առնելով Թեհրանի հետ ավիացիոն համաձայնագիրը, չվերթների անվտանգությունը և թուրքական ընկերությունների դեմ ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցները։
«Mahan Air»-ը հաճախակի չվերթներ էր իրականացնում Թուրքիա, այդ թվում՝ օրական առնվազն երեք չվերթ Ստամբուլի և Թեհրանի միջև։ Ավիաընկերությունը հաստատել է, որ սեպտեմբերի 21-ից կդադարեցնի չվերթները դեպի և Թուրքիայից։ Փոխադրողը նաև հայտնել է Օման և Վրաստան չվերթների դադարեցման մասին։