Հայաստանի իշխանությունները նախատեսում են Սահմանադրության նոր նախագիծը հանրությանը ներկայացնել արդեն նոյեմբերին։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կհրապարակենք Սահմանադրության նոր նախագիծը, կսկսվեն հանրային քննարկումները, կներկայացվեն և կքննարկվեն ստացված առաջարկները։ Այս գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ Սահմանադրության նոր նախագիծը բավականին լայնորեն քննարկվել է մեր հասարակության կողմից»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ կառավարության առաջիկա կարևորագույն խնդիրներից մեկը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է։
Նշենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Որպես պայմանագրի ստորագրման նախապայման՝ պաշտոնական Բաքուն պահանջել է փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։
Ադրբեջանն իր այս դիրքորոշումը հիմնավորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում կատարելով։