Լոնդոնում Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դիմաց սադրիչ ակցիա է տեղի ունեցել։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի Լոնդոնի դեսպանատունը։
Ակցիային մասնակցող 10-15 հոգանոց խումբը ձեռքերին ունեցել է Իրանի դրոշներ, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության առաջին բարձրագույն կրոնական առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիի դիմանկարները։
Հիմնականում կանանցից բաղկացած ակցիայի մասնակիցները բարձրախոսների միջոցով տարբեր կարգախոսներ են հնչեցրել՝ պնդելով, թե իբր Ադրբեջանում հիջաբի դեմ ճնշումներ կան։
Ակցիայի մասնակիցները փորձել են մանիպուլյացիայի ենթարկել Ադրբեջանի ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերը կրոնական կարգախոսների և քաղաքական խորհրդանիշների միջոցով։
Այս ակցիան կարելի է գնահատել որպես Իրանի հատուկ ծառայությունների ազդեցության գործակալների կողմից Ադրբեջանի անկախ քաղաքականության և ինքնիշխան որոշումների դեմ իրականացվող հերթական կեղտոտ սադրանքի փորձ։
Հատկապես ուշադրություն է գրավում Ադրբեջանում միասնական դպրոցական համազգեստի ներդրման մասին որոշումը որպես կրոնական ազատությունների դեմ ուղղված քայլ ներկայացնելու փորձը։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից անկախ որոշումներ կայացնելը, ազգային շահերին համապատասխան քաղաքականություն վարելը և ներքին հարցերը ինքնուրույն որոշելը լրջորեն անհանգստացնում է որոշ շրջանակների։ Այդ իսկ պատճառով տարբեր պատրվակներով փորձ է արվում միջազգային հարթակում աղմուկ բարձրացնել մեր երկրի դեմ, կրոնական թեմաներն օգտագործել որպես քաղաքական գործիք։ Սակայն այս աննշան ակցիաների կազմակերպիչներն ու իրականացնողները մոռանում են, որ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և երկրի անկախ քաղաքականությունը թիրախավորող նման սադրիչ արշավները ոչ մի արդյունք չեն տա։