Պակիստանի կառավարությունը արտակարգ դրություն և ուղղակի դաշնային կառավարման ռեժիմ է սահմանել Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգում:
Modern.az-ը հայտնում է, որ «Dawn» թերթի տվյալներով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հաստատել է Նախարարների կաբինետի առաջարկությունները:
Վարչապետ Շահբազ Շարիֆի նախագահությամբ կայացած կառավարության արտակարգ նիստում քննարկվել է նահանգի անվտանգության իրավիճակը:
Վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ հաշվի է առնվել ահաբեկչության դեմ պայքարից նահանգային կառավարության «դիտավորյալ հեռու մնալու» հարցը, և նախագահին առաջարկվել է օգտագործել իր սահմանադրական լիազորությունները:
Բացի այդ, դաշնային կառավարությունը թույլատրել է զինված ուժերի և տեխնիկայի տեղակայումը՝ քաղաքացիական իշխանություններին աջակցելու նպատակով: Տարածաշրջանի վարչական կենտրոն Փեշավարի շուրջ տեղադրվել են կոնտեյներներ, ուժեղացվել են ոստիկանական ուժերը: