Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները վերջին օրերին երկրից արտաքսել են 101 օտարերկրյա քաղաքացու։ Արտաքսվածների թվում, ռուսաստանցիների հետ մեկտեղ, կան նաև ադրբեջանցիներ։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարության տվյալներով՝ երկրից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Ալժիրի, Բելառուսի, Եգիպտոսի, Հորդանանի, Հնդկաստանի, Քենիայի, Չինաստանի, Կուբայի, Կոտ դ'Իվուարի, Նիգերիայի, Նեպալի, Պակիստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ֆիլիպինների և այլ երկրների քաղաքացիներ։
Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։
Նշենք, որ վերջին շրջանում Վրաստանում ուժեղացվել է պայքարն անօրինական միգրանտների դեմ։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման և միգրանտների որոնման ընթացակարգերը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ամեն ամիս տեղեկացնում է երկրից տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին։
Նախարարության տվյալներով՝ տարեսկզբից մինչ օրս Վրաստանից արտաքսվել է ավելի քան 3,6 հազար անօրինական միգրանտ։