ԱՄՆ-ի հայտնի նորաձևության «Ralph Lauren» ապրանքանիշի պաշտոնական «Instagram» էջում իսրայելցի դերասանուհի Գալ Գադոտի լուսանկարների հրապարակումը բողոքի ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում։
Modern.az-ը հայտնում է, որ International «Business Times»-ի տեղեկություններով, սեպտեմբերի 9-ին հրապարակված գրառումից հետո օգտատերերը կոչ են արել բոյկոտել ապրանքանիշը։
Լուսանկարները արվել են «The Jaffa Hotel»-ում լուսանկարիչ Թալ Աբադիի կողմից։ «Հրաշք կին» կերպարով հայտնի Գալ Գադոտը տեսախցիկի առաջ է կանգնել «Ralph Lauren»-ի 2026 թվականի աշնանային հավաքածուի ոսկեգույն զգեստով և կոշիկներով։

Ապրանքանիշը գրառման մեջ նշել է. «Դերասանուհի Գալ Գադոտը փայլում է «Modern Luxury» ամսագրի շապիկին»։
Գրառումը կտրուկ արձագանքներ է առաջացրել ապրանքանիշի էջում, որն ունի ավելի քան 16,7 միլիոն հետևորդ։ Օգտատերերի մի մասը կոչ է արել հրաժարվել ընկերության արտադրանքից և գրել է այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսիք են՝ «Ցտեսություն, Ralph Lauren», «Առանց սիոնիստների» և «Մեծ հիասթափություն»։
Միևնույն ժամանակ, որոշ օգտատերեր պաշտպանել են ապրանքանիշը՝ ծաղրելով բոյկոտի կոչերը։ Նրանք հիշեցրել են ընկերության հիմնադիր Ռալֆ Լորենին։
Նշենք, որ 1939 թվականին Նյու Յորքում ծնված Ռալֆ Լորենի իսկական ազգանունը Լիֆշից էր։ Նա ծնվել է հրեա ներգաղթյալների ընտանիքում, որոնք Արևելյան Եվրոպայից տեղափոխվել էին ԱՄՆ։ Ապագա դիզայները 16 տարեկանում փոխել է իր ազգանունը՝ դարձնելով Լորեն։
«Ralph Lauren» ընկերության ղեկավարությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել սոցիալական ցանցերում ընթացող քննարկումների վերաբերյալ։