Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մեր երկրի տարածքում գտնվող Քյուրմյուք տաճարի վերաբերյալ Վրաստանի պատրիարքարանի հայտարարության կապակցությամբ։
Արտաքին գործերի նախարարությունից Modern.az-ին հայտնել են, որ Վրաստանի պատրիարքարանի վերջին հայտարարությունը Ադրբեջանի տարածքում գտնվող Քյուրմյուք տաճարի վերաբերյալ հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա բարեկամության, գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների ոգուն։
Հայտարարության մեջ նշվում է, որ անընդունելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անուններով ներկայացնելը։
«Ադրբեջանը միշտ հարգել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Միևնույն ժամանակ, Վրաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նույն վերաբերմունքը կազմում է երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական գործընկերային հարաբերությունների կարևոր հիմքը։
Հենց այս տեսանկյունից, Վրաստանի պատրիարքարանի մոտեցումը, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, անհասկանալի է։
Կարևոր է, որ կրոնական կազմակերպությունները զերծ մնան այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել ադրբեջանական և վրացական ժողովուրդների միջև դարեր շարունակ ձևավորված պատմական բարեկամության և բարիդրացիական հարաբերություններին։
Այս կապակցությամբ, խորհուրդ չի տրվում Վրաստանի պատրիարքարանի կողմից կրկնել Հայաստանյայց եկեղեցու հայտնի մոտեցումները և գնալ նրա ճանապարհով։
Ադրբեջանի տարածքում առկա բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները Ադրբեջանի ժողովրդի և Ադրբեջանի պետության ազգային ժառանգության անբաժանելի մասն են», - նշվում է հայտարարության մեջ։