Ռազի Նուրուլլաևը Վիեննայում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին նա տեղեկություն է տարածել իր «Ֆեյսբուք»-ի էջում։
Ռ. Նուրուլլաևը հայտնել է, որ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված ավանդական հանդիպումների շրջանակում Ավստրիայի Ազգային պաշտպանության ակադեմիայում տեղի ունեցած քննարկումներն անցել են բաց և կառուցողական մթնոլորտում։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի, Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների, խաղաղության պայմանագրի հեռանկարների և TRIPP նախագծի շուրջ։
Նուրուլլաևի խոսքով՝ հայ քաղաքական որոշ շրջանակներում, որոնք նախկինում առանձնանում էին իրենց արմատական դիրքորոշումներով, դիտվում են կառուցողական մոտեցման միտումներ։ Նա դա անվանել է կարևոր միտում՝ կայուն խաղաղության ձևավորման տեսանկյունից։
Ռազի Նուրուլլաևն ընդգծել է, որ քննարկումների ժամանակ բարձրացրել է Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման հարցը։
«Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումը խաղաղ գործընթացի հիմնարար պայմաններից է, և կայուն խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կապված է այս հարցի լուծման հետ»։
Նա TRIPP նախագիծը գնահատել է որպես կարևոր հնարավորություն՝ ընդլայնելու տնտեսական կապերը, տրանսպորտային-հաղորդակցական հնարավորությունները և տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասում։
Հանդիպմանը քննարկվել են նաև Ղարաբաղում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքները, ինչպես նաև ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության հարցը։ Նուրուլլաևը նշել է նախկին անջատողական ռեժիմի ղեկավարների, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ հակամարտության ժամանակաշրջանի գործունեությանը պատմական և իրավական գնահատական տալու կարևորությունը։
«Ադրբեջանը կողմ է խաղաղությանը և անկեղծ է այս հարցում։ Սակայն մեզ համար խաղաղությունը ոչ միայն փաստաթղթի ստորագրումն է, այլ նոր տարածաշրջանային հարաբերությունների համակարգի կառուցումը, որտեղ ապահովված են փոխադարձ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը, և որը խոստանում է կայունություն և համագործակցություն ապագա սերունդներին», - նշել է նա։
