Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա գնել Ադրբբեջանից և Թուրքիայից, իսկ դրա դիմաց այդ երկրներին վաճառել արհեստական բանականության տեխնոլոգիաներ։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը քննադատողները պետք է հարցին ռազմավարական տեսանկյունից մոտենան։
«Յուրաքանչյուր ոք, ով քննադատում է մեր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, պետք է ռազմավարական տեսանկյունից մտածի, թե ինչ է նշանակում այս հարցը մեր ապագայի համար։ Ոմանք կարծում են, որ փոխգործակցության հաստատումը մեզ կախյալ վիճակի մեջ կդնի։ Իրականում տեղի կունենա հակառակը։ Մենք կարող ենք նրանցից էլեկտրաէներգիա գնել և նրանց վաճառել արհեստական բանականություն։ Այսպիսով, մենք կդառնանք կարևոր գործընկերներ միմյանց համար։ Սա կբարձրացնի կայուն և երկարատև խաղաղության հասնելու հավանականությունը»,- ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի հիմնական նպատակն է դիվերսիֆիկացնել էներգամատակարարման աղբյուրները և հնարավորինս շատ երկրների հետ փոխադարձ տնտեսական կապեր հաստատել։
«Մենք պետք է ավելի շատ էներգիա ստանանք բոլոր հնարավոր աղբյուրներից, ընդլայնենք մեր հնարավորությունները և կապեր հաստատենք հնարավորինս շատ երկրների հետ։ Սա մեզ լրացուցիչ հնարավորություններ կտա, կբարձրացնի մեր կարևորությունը այլ պետությունների համար և պայմաններ կստեղծի մեր ապագայի վրա ազդելու համար»,- ասել է նա։
Փաշինյանը նաև անկախության հայեցակարգին այլ մոտեցում է ներկայացրել։ Նրա կարծիքով՝ ժամանակակից աշխարհում ոչ մի պետություն չի կարող գործել առանց այլ երկրներից լիովին կախված լինելու։
«Անկախությունը քիչ կողմերից կախվածությունը բազմաթիվ կողմերից կախվածության վերածելու գործընթաց է։ Երբ կախված ես մի քանի երկրներից, նրանք կարող են քեզ թելադրել իրենց պայմանները։ Բայց եթե ունես բազմաթիվ գործընկերներ և այլընտրանքներ, ոչ ոք չի կարող քեզ թելադրել այն, ինչ ուզում է։ Մենք այժմ Հայաստանի կախվածությունը քիչ կողմերից վերածում ենք բազմաթիվ կողմերի հետ փոխգործակցության։ Վստահ եմ, որ իրական անկախությանը կարելի է հասնել միայն այս ճանապարհով»,- հավելել է Հայաստանի վարչապետը։