Մոսկվան երախտապարտ է Բաքվին և Երևանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Ռուսաստանի կողմից ամեն տարի ներկայացվող և նացիզմի հերոսացման դեմ ուղղված բանաձևին աջակցելու համար։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա խոսքով, Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաև հետխորհրդային տարածքի այլ պետությունների միջև հարաբերությունները հիմնված են ամուր պատմական հիմքի վրա։
Կալուգինը նշել է, որ նախկին ԽՍՀՄ ժողովուրդների համատեղ ձեռքբերումները գիտության, արդյունաբերականացման, տիեզերքի յուրացման, սպորտի և սոցիալական ոլորտներում ձևավորվել են բոլոր ժողովուրդների ջանքերի շնորհիվ։ Նրա խոսքով, ընդհանուր արժեքներն ու մշակութային ավանդույթները, ինչպես նաև ռուսերենը՝ որպես միջազգային հաղորդակցության լեզու, մնում են կարևոր միավորող գործոններ։
«Մենք երախտապարտ ենք Բաքվին և Երևանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Ռուսաստանի կողմից ամեն տարի ներկայացվող՝ նացիզմի հերոսացման դեմ պայքարի թեմայով բանաձևին աջակցելու համար»,- ասել է Կալուգինը։
Կալուգինի խոսքով, ՌԴ ԱԳՆ-ն, համապատասխան կառույցների, գիտական և ակադեմիական կառույցների միջոցով, ընդլայնում է տարածաշրջանում համատեղ նախագծերի իրականացումը։
Նա նշել է, որ միջոցառումներ են ձեռնարկվում նաև Հարավային Կովկասի պետությունների հետազոտողներին Ռուսաստանի արխիվային նյութերին հասանելիություն ապահովելու ուղղությամբ։
«Մենք նպատակ ունենք շարունակել համատեղ աշխատանքը գործընկերների հետ, օրինակ՝ պատմաբանների համատեղ հանձնաժողովների, փորձագիտական կոնֆերանսների և սեմինարների անցկացման ձևաչափով։ Սա կարող է օգնել ընդլայնել համագործակցության շրջանակները այս ուղղությամբ»,- հավելել է դիվանագետը։