Հայաստանի տարածքով անցնող 42 կիլոմետրանոց TRIPP երթուղու ֆիզիկական աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականի սկզբին:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարը նշել է, որ Թուրքիայում, Նախիջևանում և Ադրբեջանի հիմնական մասում ստեղծվում է տրանսպորտային ենթակառուցվածք։ Երթուղու բացակայող հատվածը մոտ 42 կիլոմետր է, որն անցնում է Հայաստանի տարածքով։
«Անցյալ տարի Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված կարևորագույն պայմանավորվածություններից մեկը TRIPP նախագիծն է։ Այս նախագիծը նախատեսում է տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցում 42 կիլոմետր տարածքում, որը Զանգեզուրի միջանցքի բաղկացուցիչ մասն է»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով, նախագծի շուրջ ուղիղ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են Ադրբեջանին աշխատանքների ընթացքի մասին։
«Մեր ստացած վերջին տեղեկությունների համաձայն՝ ներկայումս շարունակվում է նախագծման և ընկերության ստեղծման գործընթացը։ Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ տարվա վերջ, իսկ ֆիզիկական աշխատանքները՝ սկսել 2027 թվականի սկզբին»,- ասել է նախարարը։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ 40 կիլոմետրից մի փոքր ավելի հեռավորությունը կարող է թույլ տալ շինարարական աշխատանքներն ավարտել համեմատաբար կարճ ժամկետում։
Նախարարն ընդգծել է, որ երթուղու ինչպես մուտքի, այնպես էլ ելքի կետը գտնվում է Ադրբեջանի սահմանին, և միջանցքը կարող է գործել միայն այս ձևով: