Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում են աֆրիկյան երկրներում եռակողմ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարը նշել է, որ Ադրբեջանը վերջին տարիներին Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունները սահմանել է որպես առաջնահերթ ուղղություններից մեկը։
«Աֆրիկյան երկրներ Ադրբեջանի առևտրատնտեսական առաքելությունների և մայրցամաքում իրականացվող ծրագրերի թիվն աճում է։ Այս ուղղությամբ մեծ ներուժ կա»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։
Արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան Աֆրիկայում ամենալայն դիվանագիտական և տնտեսական ներկայացուցչություն ունեցող երկրներից է։
Նրա խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան կարող են եռակողմ ծրագրեր իրականացնել՝ առանձին աֆրիկյան երկրների մասնակցությամբ։
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի և Անկարայի միջև դիվանագիտական-քաղաքական համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ հարաբերություններով և ներառում է նաև եռակողմ, ինչպես նաև քառակողմ ձևաչափեր՝ տարածաշրջանային երկրների մասնակցությամբ։