Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում ելույթ է ունեցել «Բարգավաճում խաղաղության միջոցով. ներդրումներ Անդրկասպյան առևտրային երթուղում և TRIPP-ում» թեմայով միջոցառմանը։
Modern.az-ը հայտնում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «X» հաշվում տեղեկատվություն է տարածել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված միջոցառման մասին։
Նախարարը նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը կարող է արագացնել տնտեսական աճը տարածաշրջանում, բարձրացնել մատակարարման շղթաների կայունությունը և ստեղծել ներդրումային նոր հնարավորություններ։
Միջոցառման հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր TRIPP նախագծի վրա, որը նախատեսում է անխոչընդոտ բազմամոդալ տրանսպորտային կապի ստեղծում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Բայրամովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը նախագծի իրականացման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ TRIPP-ը հնարավորություններ է ստեղծում ոչ միայն տրանսպորտի, այլև տարածաշրջանային էներգետիկ կապերի զարգացման համար։
Ջեյհուն Բայրամովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է ներդրումներ կատարել Բաքվի նավահանգստի և Ալաթի ազատ տնտեսական գոտու շուրջ մեկ միասնական տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման գործում։ Նախարարը նշել է լոգիստիկայի և մաքսային ընթացակարգերի պարզեցման, թվայնացման և տարածաշրջանային գործընկերների միջև համակարգման ամրապնդման կարևորությունը։