Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքային մանկապարտեզներում բազմաթիվ երեխաների հիվանդանալու պատճառը, ամենայն հավանականությամբ, նորովիրուսն է։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC)։
Կենտրոնի տվյալներով՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ հիվանդության դեպքերի մեծ մասը կապված է նորովիրուսի հետ։ Այնուամենայնիվ, հետազոտությունները դեռ շարունակվում են, և վերջնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։
Նորովիրուսը վիրուսային գաստրոէնտերիտի հիմնական պատճառներից մեկն է։ Վարակը սովորաբար ուղեկցվում է փսխումով, որովայնի ցավով, լուծով, իսկ որոշ դեպքերում՝ ջերմությամբ։ Հիվանդությունը դեպքերի մեծ մասում անցնում է 1-3 օրվա ընթացքում։
Մասնագետների կողմից նշվող հիմնական ռիսկը օրգանիզմի ջրազրկումն է ուժեղ փսխման և լուծի ժամանակ։ NCDC-ի տվյալներով՝ նորովիրուսը կազմում է Վրաստանում վիրուսային գաստրոէնտերիտի դեպքերի մոտ 40-45 տոկոսը։
Ներկայումս հիվանդ երեխաների վիճակը գնահատվում է բարենպաստ։ Լուրջ կամ կյանքին սպառնացող բարդություններ չեն գրանցվել։ Հաղորդվում է, որ երեխաների մեծ մասն արդեն ապաքինման փուլում է։
Զանգվածային հիվանդացության դեպքերը գրանցվել են սեպտեմբերի 17-18-ին՝ Թբիլիսիի մանկապարտեզների նոր սեզոնի մեկնարկից կարճ ժամանակ անց։
Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարդժվելաձեի ավելի վաղ տված տեղեկությունների համաձայն՝ ավելի քան 100 երեխայի հոսպիտալացման անհրաժեշտություն է առաջացել։
Նորովիրուսի հետ կապված հիվանդության դեպքեր միաժամանակ գրանցվել են Թբիլիսիի 20 մանկապարտեզներում։ Դրանցից 7-ը փակվել են կարանտինի նպատակով։
Վրաստանում տեղի ունեցած զանգվածային հիվանդացության դեպքերի ֆոնին ծնողներին խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել հեղուկի կորստին, երբ երեխաների մոտ դիտվում են փսխման և լուծի նման ախտանիշներ։