Հունաստանում ավարտվել է արագընթաց նավակի վթարի հետ կապված դատավարությունը, որի հետևանքով երկու միգրանտ է մահացել Հռոդոս կղզու մոտ։
Modern.az-ը հայտնում է, որ հունական լրատվամիջոցների տեղեկություններով՝ դատավճիռ է կայացվել Հայաստանի 2 և Ադրբեջանի 1 քաղաքացու նկատմամբ։
Դոդեկանեսի քրեական գործերով եռաստիճան վերաքննիչ դատարանը 32-ամյա Հայաստանի քաղաքացուն մեղավոր է ճանաչել նրա դեմ առաջադրված բոլոր մեղադրանքներով և դատապարտել 18 անգամ ցմահ ազատազրկման։ Նրա նկատմամբ մեղմացուցիչ հանգամանքներ չեն հաշվի առնվել։
Նույն գործով դատվել են ևս երկու անձ՝ 31-ամյա Ադրբեջանի և 34-ամյա Հայաստանի քաղաքացիներ։ Դատարանը նրանց մեղավոր չի ճանաչել ապօրինի տեղափոխում կազմակերպելու և նավակի վթարի համար։ Նրանք մեղավոր են ճանաչվել միայն Հունաստան ապօրինի մուտք գործելու համար։
Դատարանը նրանցից յուրաքանչյուրին դատապարտել է 9 ամսվա ազատազրկման։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 14-ի գիշերը Հռոդոս կղզու Պարադիսի շրջանում։ Թուրքիայի Մարմարիս քաղաքից մեկնած և 21 մարդ տեղափոխող արագընթաց նավակը շրջվել է Հունաստանի առափնյա պահպանության հետապնդման ժամանակ վտանգավոր մանևրի հետևանքով։
Դեպքի ժամանակ փրկվել է 16 մարդ, մահացել են 10-ամյա իրաքցի տղա և 21-ամյա պաղեստինցի։ Դատարանում ուղևորները հայտնել են, որ նավակում եղել է երեք «նավապետ», որոնցից երկուսը ղեկավարել են նավակը։ Նրանք ասել են, որ ուղևորության համար վճարել են 3500-4300 եվրո և փոխադրողներին հիմնականում գտել են սոցիալական ցանցերի միջոցով։