Նիդերլանդները նոր ֆինանսական օգնություն կտրամադրի Հայաստանին և Ադրբեջանին՝ անհետ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու նպատակով։ Խոսքը Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորածների որոնման մասին է։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հոկտեմբերի 27-ին Երևանում հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։
Նախարարը ողջունել է երկու երկրների կողմից հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
«Շատ կարևոր է, որ գործընթացն ավարտվի խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ», - ընդգծել է Թոմ Բերենդսենը։
Նա նաև խոստացել է նոր ֆինանսական օգնություն տրամադրել երկու երկրներին՝ անհետ կորածների որոնման համար։
Նիդերլանդների նախարարը ողջունել է հայ ժողովրդի՝ դեպի խաղաղություն շարժվելու որոշումը։ Նա նաև հայտնել է իր աջակցությունը երկրի՝ եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ համագործակցության ձգտմանը։
Թոմ Բերենդսենի խոսքով՝ խաղաղության հաստատման գործընթացում կարևոր է կողմերի միջև վստահության կամուրջների կառուցումը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ նշել է, որ անհետ կորածների հարցը զգայուն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Նա ընդգծել է գործընթացում երրորդ կողմերի և գործընկերների մասնակցության կարևորությունը։