«Ինքնաձիգով ադրբեջանցի զինվորը ձերբակալվելիս դիմադրություն ցույց չի տվել և, որքան հասկանում եմ, վնասվածք է ստացել»։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հոկտեմբերի 7-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա չի բացառել, որ հենց դա կարող է պատճառ դառնալ, որ զինվորի ձերբակալման կադրերը չհրապարակվեն։ Այնուամենայնիվ, Փաշինյանը չի կարողացել ասել՝ արդյոք ձերբակալման գործընթացը նկարահանվել է, թե ոչ, և հայտարարել է, որ կճշտի հարցը և լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի։
Վարչապետը միաժամանակ խոստովանել է, որ իրավապահ մարմինների իր գործընկերներին խնդրել է ձեռնպահ մնալ մարդկանց ձերբակալման կադրերը հրապարակելուց։
Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում հարցեր են հնչում «հայ, թուրք, ադրբեջանցի» արտահայտությունների շեշտադրման պատճառի վերաբերյալ.
«Ինչու է այսքան շեշտադրվում դրա վրա։ Ի՞նչ է տալիս սա։ Այս իրադարձությունը ոչ մի կապ չունի այն բոլոր շահարկումների հետ, որոնք մենք տեսնում ենք մեր տեղեկատվական դաշտում»։
Փաշինյանի խոսքով՝ հարցը հասել է նրան, որ մարդիկ կասկածի տակ են դնում ձեռք բերված խաղաղությունը։
«Այս իրադարձությունից առաջ էլ էին կասկածի տակ դնում խաղաղությունը։ Նման մարդկանց համար կարևոր չէ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու և ինչ պայմաններում է դա տեղի ունեցել»,- հավելել է Փաշինյանը։