Մոսկվան և Բաքուն հաղթահարել են երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում տեղի ունեցած ճգնաժամային փուլը։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է գերատեսչության Գիտական-փորձագիտական խորհրդի նախագահության նիստում։
«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում տեղի ունեցած ճգնաժամային փուլը հաղթահարվել է Մոսկվայի և Բաքվի համատեղ ջանքերով։ Այժմ ընդհանուր խնդիրն է հետևողականորեն զարգացնել ռուս-ադրբեջանական համագործակցությունը՝ ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- ասել է Շոյգուն։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Մոսկվան կողմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ հիմնվելով գործող երկկողմ պայմանագրային-իրավական բազայի վրա։
Այս համատեքստում նա հատուկ նշել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, ինչպես նաև բարիդրացիության և գործընկերության սկզբունքները։
Շոյգուն հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես բազմիցս հայտարարել է, որ կողմ է այս ուղղությամբ երկու երկրների համատեղ գործունեության շարունակմանը։
Նշենք, որ հուլիսի 17-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել էր, որ Մոսկվան և Բաքուն թողել են երկկողմ հարաբերությունների բարդ փուլը, և հարաբերությունների ողջ սպեկտրը կարգավորվել է։