Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը վերանայելու անհրաժեշտության մասին։
Modern.az-ը հայտնում է, որ Լուկաշենկոն այս մասին ասել է Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանը որոշի անդամակցել Եվրամիությանը, ապա պետք է նախապես մտածի, թե ինչ ծավալով կկարողանա վաճառել իր արտադրանքը եվրոպական շուկայում։
«Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ուր ես շտապում։ Հստակ որոշե՞լ ես, թե ուր կգնեն քո կոնյակը, բանջարեղենը, մրգերը։ Ի՞նչ ծավալով»,- ասել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է նաև հաշվարկի, թե արդյոք կկարողանա փոխարինել այն ապրանքների ծավալը, որոնք ներկայումս վաճառում է Եվրասիական տնտեսական միության շուկայում, Եվրամիության շուկայում։
«Եթե համոզված ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը, թեև չգիտի, թե ուր դնի իր կոնյակը, բայց քեզնից կգնի, լավ, գնա։ Բայց ինչու ես շտապում։ Ինչու ես սայլը դնում ձիու առջև»,- հավելել է Բելառուսի նախագահը։