Սեպտեմբերի 7-11-ը Բաքվի Կոնգրեսի կենտրոնում Ադրբեջանի հյուրընկալությամբ և կազմակերպմամբ անցկացվել է Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) չորրորդ Կլիմայի շաբաթը և դրան զուգահեռ Բաքվի Կլիմայական գործողությունների շաբաթը:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ):
Նշվել է, որ շաբաթվա ընթացքում կազմակերպվել է ընդհանուր առմամբ 68 միջոցառում, մասնակցության համար գրանցվել է ավելի քան 140 երկրից մինչև 2700 պատվիրակ:
Միջոցառումներին, պետությունների պատվիրակությունների հետ մեկտեղ, մասնակցել են նաև տարբեր միջազգային կազմակերպությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:
UNFCCC-ի Կլիմայի շաբաթվա շրջանակներում անցկացվել է 8 մանդատային նիստ՝ Կողմերի կոնֆերանսի որոշումներից բխող միջազգային կլիմայական օրակարգի տարբեր ուղղություններով, ինչպես նաև COP30 և COP31 նախագահության միջոցառումներ և մի շարք նիստեր UNFCCC-ի Գործադիր ֆորումի շրջանակներում:
Զուգահեռաբար կազմակերպված Բաքվի Կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակներում Ադրբեջանի կողմից կազմակերպվել է ընդհանուր առմամբ 37 միջոցառում՝ համաձայն COP29 նախագահության գործողությունների օրակարգի, ինչպես նաև այլ արդիական թեմաների շուրջ:
Բացի այդ, համաձայն COP30-ում ընդունված համապատասխան մանդատի, անցկացվել է խորհրդակցություն «Belém Mission 1.5» Տրոյկայի մանդատի շրջանակներում՝ Ազգային հարմարվողականության պլանների (NAP) և Ազգային մակարդակով որոշված ներդրումների (NDC) իրականացման վերաբերյալ՝ COP29, COP30 և COP31 նախագահությունն իրականացնող Ադրբեջանի, Բրազիլիայի, Թուրքիայի և Ավստրալիայի մասնակցությամբ:
Նշենք, որ UNFCCC Կլիմայի շաբաթների հյուրընկալումը կազմակերպվում է ՄԱԿ-ի տարածաշրջանային խմբերի միջև ռոտացիայի սկզբունքով:
2026 թվականին անցկացված երկու UNFCCC Կլիմայի շաբաթներից առաջինը կազմակերպվել է ընթացիկ տարվա ապրիլին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Կորեայի Հանրապետությունում, իսկ երկրորդը՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում՝ Ադրբեջանում: